Sunday, May 11, 2014

Հաղթանակի մայիս

 Դպրոցում բոլորը գիտեն, որ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է որևէ սպորտային միջոցառում` նվիրված մայիսյան հաղթանակներին: Այս անգամ Մեծ Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 22-րդ տարելիցին էր նվիրված վեցերորդ դասարանցիների միջև կազմակերպված սպորտլանդիան: Բոլորն անհամբեր սպասում էին:
Իսկ մինչ այդ առաջին հարկի միջանցքում աշակերտները խմբվել էին  "Մեր սուրը փառքով դրեցինք պատյան" խորագրով ստենդի առջև: Այն արտացոլում էր Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի դժվարին հաղթանակի
փառապանծ պատմությունը: Ողջ օրվա ընթացքում դպրոցում հնչում էին պատերազմական օրերի բոլորին ծանոթ ու հոգեհարազատ երգերը: Դպրոցի կամարների տակ թևածում էր հաղթանակի շունչը:
Օրվա վերջում սպասված սպորտային մրցավեճը արդարացրեց բոլոր սպասելիքները. մարտական ոչ-ոքի արդյունքը խոսում է թիմերի անզիջում պայքարի մասին:

 Գոհ են բոլորը` թե մասնակից թիմերը, թե' ժյուրին և թե' հանդիսատեսը:



Գարնան հրավեր

Դպրոցական բեմում ծաղկել է գարունը: Գունագեղ ծաղիկներով ու փուչիկներով զարդարված բեմը էլ ավելի են գեղեցկացնում ամեն մեկը մի ծաղիկ ներկայացնող երրորդ դասարանցիները: Ռուսաց լեզվի մասնախմբի հերթական գեղեցիկ միջոցառումն է` նվիրված գարնանը: Միջոցառմանը մասնակցում են դպրոցի բոլոր երրորդ դասարանցիները, ովքեր մեկը մյուսի ետևից գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով զարմացնում ու հիացնում են հանդիսատեսներին: Նրանց մաքուր ռուսերենը, երգն ու պարը երկար կմնա միջոցառման բոլոր մասնակիցների հիշողության մեջ:

Tuesday, April 29, 2014

Դ.Ի. Մենդելեև 180


 Այս տարի լրանում է ռուս մեծ գիտնական, քիմիական տարրերի պարբերական համակարգի ստեղծող Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի ծննդյան 180-ամյակը: Դպրոցի կենսաքիմիայի մասնախումբը որոշեց անպայման անդրադառնալ այս հիշարժան հոբելյանին: 

 Բեմում Դ. Ի. Մենդելեևն է, ով հերթական անքուն գիշերն է անցկացնում` փորձելով գտնել  քիմիական տարրերի դասակարգման օրինաչափությունը:  Քունը հաղթում է


հոգնած գիտնականին: Եվ, ով հրաշք, երազում հայտնվում է հրեշտակը, ով ցույց է տալիս քարտերի բաղձալի դասավորությունը: 

Այնուհետև երեխաները ներկայացրին    Դ.   Ի. Մենդելեևի կյանքի կարևոր դրվագները,  ներկայացրին ժամանակակիցների խոսքերը գիտնականի մասին, խաղացին փոքրիկ ներկայացում, որտեղ ցույց տվեցին գիտնականին որպես անձ:
Միջոցառման ժամանակ անդրադարձ եղավ մի հետաքրքիր հիպոթեզի, ըստ որի`  հայկական այբուբենի տառերի թվային արժեքները կապված են մետաղների հայերեն անվանումների և նրանց կարգաթվի հետ:  

Monday, April 28, 2014

Օգնություն քեսաբահայերին


Վերջերս դպրոցի աշակերտական  և մանկավարժական խորհուրդների  նախաձեռնությամբ  կազմակերպվեց օգնություն քեսաբահայերին: Կարճ ժամանակում հավաքվեց 80000(ութսուն հազար) դրամ, որը փոխանցվեց քեսաբահայերի օգնության ֆոնդին:  Այս փոքրիկ օգնությունը մեր համեստ լուման է թուրքական նոր վայրագությունից տուժած մեր հայրենակիցներին օգնելու գործում:

Ապրելու ապրիլ

 
Մոտենում է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը: Աշխարհասփյուռ ողջ հայությունը պայքարում է, որպեսզի ընդունվի և դատապարտվի 20-րդ դարասկզբին մարդկության դեմ կատարված առաջին ոճիրը: Ոճիր, որը չդատապարտելը հանգեցրեց նոր ցեղասպանությունների: Այս դաժան կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից , զրկվելը: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 100000 հայ, բռնի մահմեդականացվեց 200000 հայ, ըստ տարբեր աղբյուրների նահատակվեց մոտ 1500000 հայ: 
Այս ցավալի իրադարձություններին էր նվիրված "Ապրելու ապրիլ" խորագրով միջոցառումը, որը նախաձեռնել էր պատմության մասնախումբը: Մինչ բուն միջոցառումը միջանցքում պատրաստվել էր ստենդ`  "Հիմի՞ էլ լռենք...": Այն արտացոլում էր մեր ժողովրդի պատմության եղերական դրվագները` Մեծ Եղեռնից մինչև Քեսաբ:  Իսկ դահլիճում արդեն յոթերորդցիների բերանով հնչում էր հայ ժողովրդի արդար պահանջն ու կոչը համայն աշխարհին: Այսօր մեր մատաղ սերունդը, իմանալով իր պատմությունը, նախորդ սերունդների նման չի խնդրում ընդունել ցեղասպանությունը, այլ հանդես է գալիս որպես պահանջատեր, հասկանում է, որ ունենք Արևմտյան Հայաստանի ազատագրության և փոխհատուցման հարցը: Հենց այս ուղղվածությունն ուներ միջոցառումը, որի ավարտին հնչած երգը, կարծես,  հաստատումն էր հնչած բոլոր խոսքերի.



Ախ են երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ: