Saturday, March 26, 2011

Դպրոցի տարեգրությունը

XIX դարի երկրորդ կեսից առևտրաարդյունաբերական բուրժուազիայի զարգացման հետևանքով լուրջ տեղաշարժեր տեղի ունեցան հասարակության կյանքում: Օրակարգի հարց էր դարձել դպրոցի կազմակերպումը:

Դրա անհրաժեշտությունը զգացվում էր հեռավոր Քարվանսարայում:1858թ. կազմակերպվում է Քանվանսարայի դպրոցը, որն առաջինն էր ամբողջ Ղազախի գավառում: Մինչև 1880թ. դպրոցում միայն տղաներ էին սովորում, իսկ 1880թ-ից դպրոցն արդեն երկսեռ էր: 1926-27 ուս. տարում դպրոցը կոչվեց յոթնամյա:

1928-29 ուս. տարում կազմակերպվեց կոլերիտ դպրոց (տնօրեն` Մկրտիչ Սահակյան): Այդ շրջանում ուսման պլանի մեջ մտցվեցին ապրանքագիտություն, հաշվապահություն և այլ առարկաներ:

1932-33 ուս տարում, բացի կոլերիտ դպրոցից, որը 1935-36 ուս. տարում կոչվեց թերի միջնակարգ դպրոց, կազմակերպվեց օրինակելի 10-ամյա դպրոց(տնօրեն` Հայկազ Աստվածատրյան): Այդ նույն ժամանակ տասնամյա դպրոցին կից կազմակերպվեց նաև ռուսական դպրոցի I դասարան:

Դպրոցում տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքների համար ավելի լայն պայմաններ ստեղծվեցին, երբ 1964թ. շահագործման հանձնվեց դպրոցական նոր շենքը:

Դպրոցի տնօրեն, հանրապետության վաստակավոր ուսուցիչ` Սպարտակ Սարգսյանի ղեկավարությամբ դպրոցի հարմարությունները օրըստօրե ավելի ընդլայնվեցին:

Իջևանի 153- ամյա թիվ 1 հիմն. դպրոցը (տնօրեն` Լուսյա Խաչատրյան), որի աշխատանքները կազմակերպվում են 50 մանկավարժներից կազմված կոլեկտիվի կողմից, պատվով է կատարում սովորողների կրթության ու դաստիարակության պատասխանատու աշխատանքը:

Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից է եղել: Դեռևս մեր թվագրությունից հազարամյակներ առաջ հայ ժողովուրդը իր ազատագրական պայքարի շնորհիվ հիմնել է ինքնուրույն պետականություն և ստեղծել բարձր զարգացած մշակույթ: 4-րդ դարի կեսերին Աթենքի ճարտասանական դպրոցը ղեկավարվել է հայազգի հռետոր և փիլիսոփա Պարույր Հայկազնը: Նրա աշակերտների մեջ մեծ թիվ են կազմել Կապադովկիայի հայերը: Դեռևս Պ. Հայկազնի կենդանության օրոք Հռոմի հրապարակներից մեկում կանգնեցվել է նրա արձանը` ՚Աշխարհի թագուհի Հռոմը` ճարտարախոսության թագավորինՙ մակագրությամբ:

ԵՎ ահա V դարի սկզբում Մեսրոպ Մաշտոցի հանճարով հայերն ունեցան իրենց գիրն ու գրականությունը: Ահա դրանից հետո էր, որ Հայաստանում (և ոչ միայն Հայաստանում) նույն Մաշտոցի ջանքերով բացվեցին դպրոցներ:

Իջևանի թիվ 1 միջն. դպրոցը, որը 153 տարեկան է, Մ. Մաշտոցի ջանքերով ստեղծված դպրոցների համեմատությամբ պատանի է: Բայց 153 տարին էլ քիչ չէ, քանզի այդ դպրոցը ինչպիսի դժվարին, քարքարոտ, երբեմն էլ դյուրին ճանապարհ է անցել:Այդ ժամանակաընթացքում դպրոցը հոգևոր մեծ ժառանգություն է թողել, քանզի այստեղ կրթվել ու դաստիարակվել են ականավոր գիտնականներ ու մանկավարժներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Նրա հազարավոր սաները տարբեր վայրերում շարունակել են իրենց կրթական ու դաստիարակչական գործը և անձնվիրաբար ծառայել հայ ժողովրդին: