Sunday, September 29, 2013

Միջոցառում թանգարանում

Սեպտեմբերի 24-ին հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ Իջևանի "Նարեկ" տիկնիկային թատրոնը: Դպրոցի 5-6-րդ դասարանցիների համար այն կազմակերպել էր տիկնիկային թատրոն, որը նվիրված էր թանգարաններին: Վայրը նույնպես ճիշտ էր ընտրված` Իջևանի պատմության թանգարան: Դերասան-տիկնիկները խոսեցին երեխաների հետ, ներկայացրին, թե ինչպիսի թանգարաններ են լինում: Երեխաները հետաքրքրությամբ լսեցին, իսկ վերջում  պատասխանեցին հարցերի: 
 Միջոցառման ավարտին ևս մեկ անակնկալ էր պատրաստվել. երեխաներին հյուր էր եկել մուլտֆիլմի սիրելի հերոսներից մեկը, ում հետ երեխաները պարեցին և ուրախացան:


Saturday, September 28, 2013

Դասը վարում են վետերանները

Սեպտեմբերի 20-ին դպրոցում եռուզեռ էր. առջևում ՀՀ Անկախության 22-րդ տարելիցն էր և այդ առիթով դպրոցում հյուրընկալվում էին պատերազմի և աշխատանքի վետերանները: Նրանք այդ օրը  պետք է վարեին "Հայրենասիրության դասը":  Մինչ վետերանների գալը դպրոցի միջանցքում կազմակերպվել էր ցուցահանդես` "Հայաստանն իմ տունն է" խորագրով: Շնորհալի աշակերտները ներկայացրել էին իրենց աշխատանքները:  
Օրվա երկրորդ կեսին իններորդ դասարանցիներին հյուր էին պատերազմի և աշխատանքի վետերաններ Գոհար Մինասյանը, Սուրեն Օհանյանը, Վարյա Խաչատրյանը, Ժորա Գալստյանը, Թելման Մայիլյանը:  Նրանք երեխաներին պատմեցին իրենց կյանքի, աշխատանքային ուղու մասին, սովորեցրին, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը:  94- ամյա վետերան Գ. Մինասյանը, ով հիմնականում վարում էր դասը, ասում էր." Հայրենասիրությունը հո ճառ չէ, որ ամբիոնից գոռաս: Հայրենասիրությունը զգացմունք է, այնպես ինչպես սերը, և այն պետք է ծնվի մարդու մեջ": 
Հանդիպմանը ներկա աշակերտներն ու ուսուցիչները համակ ուշադրություն դարձած լսում էին վետերանների խոսքը, նրանց ասած յուրաքանչյուր  բառը, կարծես, դառնում էր ներկաների հետագա կյանքի ուղենիշը:  Իսկ դպրոցի երկարամյա, բազմավաստակ ուսուցչուհի Վարյա Գրիգորևնայի խոսքը նույնիսկ արցունքներ առաջացրեց ներկաների աչքերում:
Հանդիպման ավարտին խոսք ասացին նաև  տնօրեն Լուսյա  Խաչատրյանը, դպրոցի բազմափորձ զինղեկ Ռոբերտ Քամալյանը: Իջևանի վետերանների խորհուրդը, ի դեմս նախագահ Սուրեն Օհանյանի,  դպրոցի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով:






Thursday, September 5, 2013

Առաջին զանգ











Ամառն անցավ: Մեկնարկեց նոր ուսումնական տարին:
 Հնչեց դպրոցական առաջին զանգը` ոմանց համար առաջին, ոմանց համար` վերջին անգամ:  Ավանդույթի համաձայն, Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում ուսումնական տարվա մեկնարկը տրվեց տոնական միջոցառմամբ: Բոլորն ուրախ էին ու երջանիկ, հատկապես` այն ծնողները, ովքեր  դպրոց էին ուղեկցում իրենց առաջին զավակին: Առաջին դասարանցիները շփոթված էին, կրտսեր դասարանցիները` ուրախ, որ կրկին հանդիպել են համադասարանցիներին, իսկ բարձր դասարանցիները` ավելի լրջացած և հասունացած: Միջոցառման սկզբին բոլոր ներկաներին բարի գալուստ մաղթեց դպրոցի տնօրեն Լ. Խաչատրյանը; Նա հույս հայտնեց, որ այս տարի մեր աշակերտները կունենան բարձր առաջադիմություն և կարդարացնեն թե' ծնողների, թե' ուսուցիչների հույսերը: Միջոցառումը շարունակվեց առաջին անգամ դպրոց ոտք դնող առաջին դասարանցիների խոսք-երդմամբ: 
 Նրանց մանկական շուրթերից հնչող բանաստեղծությունները ներկաները ընդունեցին ոգևորությամբ և ծափողջյուններով:











Առաջին զանգն ազդարարեց նոր ուսումանկան տարվա մեկնարկը: