Tuesday, September 6, 2016

Հրաժեշտ դպրոցին

Ուսումնական տարին, որպես կանոն եզրափակվում է հրաժեշտի միջոցառումներով: Այս տարի մեր դպրոցին հրաժեշտ տվեցին 61 շրջանավարտ: Գեղեցիկ և տոնական զարդարված
բեմահարթակին, որը մեծ նավ է հիշեցնում,   հուզված իններորդցիներն են, ովքեր խիզախ նավաստիների նման  9 տարի նավարկելով՝ հասել են ափ և պետք է խարիսխ նետեն: Բայց մինչ այդ նրանք ներկայացնում են աշխարհի յոթ անհայտ հրաշալիքները, այն արժեքները, որոնք ուսումնառության 9 տարիների ընթացքում իրենք սովորել են գնահատել ու պահպանել: Դրանք են մարդը, մայրը, մանուկը, սերը, կյանքը, սիրտը և հայրենիքը:
...Նավաստիները շփոթված են, չգիտեն, թե որ ուսումնական հաստատությունն են ընտրելու՝  ուսումը շարունակելու համար:  Նավապետը, պատմաբանը և աշխարհագրագետը ներկայացնում են քաղաքի դպրոցների պատմությունը և բարի ճանապարհ մաղթում իններորդցիներին: Եվ ահա նրանք բարձրանում են տախտակամած՝ հրաժեշտ տալու իրենց անբաժան ուղեկիցներին, ՛՛ում ուսուցիչ անունն են տվել՛՛:  
Հրաժեշտի հուզիչ խոսքեր, արցունքներ, ժպիտներ...  Ամեն ինչ խառնվել էր իրար... 

Հավերժի ճամփորդը

Մայիսյան եռատոնին ընդառաջ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել IV Ա դասարանում (դասվար Օվսաննա Հարությունյան):  Գևորգ Էմինի հայտնի ստեղծագործության՝                  ,, Հավերժի ճամփորդի,,  հիման վրա  ստեղծվել էր մի գեղեցիկ գրական-երաժշտական  սյուժե.  վարագույրի հետևից լսվում էր հեղինակի թավ ձայնը, ով պատմում է հայ ժողովրդի պատմության, հերոսների, անցած ճանապարհի մասին: Իսկ հանդիսատեսի աչքի առջև հառնում էին այն կերպարները, ովքեր կերտել են հայ ժողովրդի պատմությունը՝ Հայկ Նահապետը, Տիգրան Մեծը,Մեսրոպ Մաշտոցը,   Սասունցի Դավիթը
Միջոցառուման ընթացքում  վեցերորդ դասարացիների կատարմամբ հնչեցին երգեր, որոնք ոգևորությամբ ընդունվեցին դահլիճի կողմից, իսկ չորրորդ դասարանցի Արմանի կատարումն ուղղակի հիացրեց և բուռն ոգևորություն առաջացրեց:
Բեմի նկարչական ձևավորումը կատարել էր  Լուսինե Փարսադանյանը:

Հրաժեշտ Այբբենարանին

Մայիս ամսին  դպրոցական առօրյայի ամենահագեցած օրերից են  այբբենարանի հրաժեշտի միջոցառումների օրերը: 2015-16 ուստարում հրաժեշտի միջոցառումները կազմակերպվել էին երեք առաջին դասարաններում: Փոքրիկների ուսուցիչները՝ Ա. Ալոյանը, Կ. Կլեկչյանը, Ս. Զաքարյանը, ուսուցչի օգնականները, երաժշտության ուսուցչուհի Ն. Շահինյանը, պարուսույց Դ.Գասպարյանը, գեղարվեստական ձևավորող Լ. Փարսադանյանը  ջանք ու եռանդ չէին խնայել  տոնը հիասքանչ և անմոռանալի դարձնելու համար:

Հաշվետու համերգ

2015-16 ուսումնական տարվա ավարտին երաժշտության ուսուցչուհի Ն. Շահինյանի նախաձեռնությամբ կայացավ հաշվետու համերգ՝ դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:  Աշակերտները ըստ դասարանների  կազմած երգչախմբերով  հանդես եկան տարվա ընթացքում իրենց սովորած ծրագրային երգերի կատարումով:  Երեխաներն իրենց հրաշալի կատարումներով հիացրին հանդիսատեսներին: Որոշ երգեր ուղեկցվում էին պարային կատարումներով: