Thursday, November 28, 2013

Հովհաննես Թումանյան



Երիտասարդ դասվար Մարգարիտա Մկրտումյանը արդեն մեկ անգամ չէ, որ իր դասվարական դասարանի հետ դառնում է հետաքրքիր և բովանդակալից միջոցառման հեղինակ: Այս անգամ IVԲ դասարանի միջոցառումը նվիրված էր ''Մեծ լոռեցուն''` Հովհաննես Թումանյանին: Փոքրիկները ներկայացրին ամենայն հայոց բանաստեղծի կյանքը և ստեղծագործությունը այնպես, ինչպես վայել է հասուն աշակերտին: Նրանց լրջությունը կարծես թե փոխանցվել էր դահլիճին, և հանդիսատեսները, որ նույնպես դպրոցի տարրական դասարանների աշակերտներն էին, կլանված լսում էին բեմից հնչող յուրաքանչյուր խոսք: Միջոցառման ընթացքում հնչեցին Հովհաննես Թումանյանի խոսքերով գրված երգեր, հատվածներ ''Անուշ'' օպերայից:  
Միջոցառման մասնակիցները դահլիճից հեռացան` իրենց հետ տանելով Մեծ Թումանյանի խոսքը և հաճելի տպավորություններ:  Իսկ IVԲ դասարանցիները խոստացան իրենց գեղեցիկ ելույթներով հետագայում ևս մասնակիցը դառնալ նորանոր միջոցառումների:

Tuesday, November 5, 2013

Նվիրում


2013թ. հոկտեմբերին լրանում է մաթեմատիկայի երախտավորներից
մեկի` հանրապետության վաստակավոր ուսուցիչ Սրապիոն Տիգրանի Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը: Այդ առթիվ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին ուսուցիչները, աշակերտները, Ս. Խաչատրյանի ընտանիքի անդամները:  Միջոցառման ընթացքում 5ա դասարանի աշակերտները ներկայացրին ճանաչված ուսուցչի կյանքի ուղին,  աշխատանքային գործունեությունը: Այդ գործունեությունը առավելապես կապված է Իջևանի հ.1 միջնակարգ դպրոցի հետ:
Դպրոցի ուսուցիչների  մի մասը աշխատել է Ս. Խաչատրյանի հետ, իսկ մի մասն էլ աշակերտել է նվիրյալ ուսուցչին: Եվ բոլորն էլ  նրա մասին խոսում ու պատմում են մեծագույն հարգանքով  և մեծարանքով:
Միջոցառմանը մասնակցում էին Ս. Խաչատրյանի ընտանիքի անդամները: Նրա թոռնուհին` Նանան,  նույնպես ասաց իր սրտի խոսքը սիրելի պապիկի մասին, շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը, իսկ վերջում մի գեղեցիկ երաժշտական կատարում  նվիրեց միջոցառման մասնակիցներին: Նա նաև, որպես հուշ, մասնակից երեխաներին նվիրեց իր մայրիկի` Մեդորա Խաչատրյանի գիրքը: