Tuesday, April 29, 2014

Դ.Ի. Մենդելեև 180


 Այս տարի լրանում է ռուս մեծ գիտնական, քիմիական տարրերի պարբերական համակարգի ստեղծող Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի ծննդյան 180-ամյակը: Դպրոցի կենսաքիմիայի մասնախումբը որոշեց անպայման անդրադառնալ այս հիշարժան հոբելյանին: 

 Բեմում Դ. Ի. Մենդելեևն է, ով հերթական անքուն գիշերն է անցկացնում` փորձելով գտնել  քիմիական տարրերի դասակարգման օրինաչափությունը:  Քունը հաղթում է


հոգնած գիտնականին: Եվ, ով հրաշք, երազում հայտնվում է հրեշտակը, ով ցույց է տալիս քարտերի բաղձալի դասավորությունը: 

Այնուհետև երեխաները ներկայացրին    Դ.   Ի. Մենդելեևի կյանքի կարևոր դրվագները,  ներկայացրին ժամանակակիցների խոսքերը գիտնականի մասին, խաղացին փոքրիկ ներկայացում, որտեղ ցույց տվեցին գիտնականին որպես անձ:
Միջոցառման ժամանակ անդրադարձ եղավ մի հետաքրքիր հիպոթեզի, ըստ որի`  հայկական այբուբենի տառերի թվային արժեքները կապված են մետաղների հայերեն անվանումների և նրանց կարգաթվի հետ:  

Monday, April 28, 2014

Օգնություն քեսաբահայերին


Վերջերս դպրոցի աշակերտական  և մանկավարժական խորհուրդների  նախաձեռնությամբ  կազմակերպվեց օգնություն քեսաբահայերին: Կարճ ժամանակում հավաքվեց 80000(ութսուն հազար) դրամ, որը փոխանցվեց քեսաբահայերի օգնության ֆոնդին:  Այս փոքրիկ օգնությունը մեր համեստ լուման է թուրքական նոր վայրագությունից տուժած մեր հայրենակիցներին օգնելու գործում:

Ապրելու ապրիլ

 
Մոտենում է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը: Աշխարհասփյուռ ողջ հայությունը պայքարում է, որպեսզի ընդունվի և դատապարտվի 20-րդ դարասկզբին մարդկության դեմ կատարված առաջին ոճիրը: Ոճիր, որը չդատապարտելը հանգեցրեց նոր ցեղասպանությունների: Այս դաժան կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից , զրկվելը: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 100000 հայ, բռնի մահմեդականացվեց 200000 հայ, ըստ տարբեր աղբյուրների նահատակվեց մոտ 1500000 հայ: 
Այս ցավալի իրադարձություններին էր նվիրված "Ապրելու ապրիլ" խորագրով միջոցառումը, որը նախաձեռնել էր պատմության մասնախումբը: Մինչ բուն միջոցառումը միջանցքում պատրաստվել էր ստենդ`  "Հիմի՞ էլ լռենք...": Այն արտացոլում էր մեր ժողովրդի պատմության եղերական դրվագները` Մեծ Եղեռնից մինչև Քեսաբ:  Իսկ դահլիճում արդեն յոթերորդցիների բերանով հնչում էր հայ ժողովրդի արդար պահանջն ու կոչը համայն աշխարհին: Այսօր մեր մատաղ սերունդը, իմանալով իր պատմությունը, նախորդ սերունդների նման չի խնդրում ընդունել ցեղասպանությունը, այլ հանդես է գալիս որպես պահանջատեր, հասկանում է, որ ունենք Արևմտյան Հայաստանի ազատագրության և փոխհատուցման հարցը: Հենց այս ուղղվածությունն ուներ միջոցառումը, որի ավարտին հնչած երգը, կարծես,  հաստատումն էր հնչած բոլոր խոսքերի.



Ախ են երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:

Monday, April 21, 2014

Սուրբ Զատիկ


              

      
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը, հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Սուսաննա Յարալյանի ջանքերով միշտ էլ նշվում է մեր դպրոցում:Այս անգամ տոնը նշվեց 5բ դասարանի աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Երեխաները ներկայացրին սուրբ Զատկի խորհուրդը, ներկայացրին փոքրիկ պատմություններ, որտեղ գնահատվում է բարությունը, առատաձեռնությունը և վեհանձնությունը: Երեխաները նաև Զատկի փոքրիկ սեղան էին պատրաստել ներկած ձվերով, թխվածքաբլիթներով ու մրգերով, որից միջոցառման վերջում մեծ հաճույքով օգտվեցին: 

Monday, April 14, 2014

Մեխանիկայի հիմնադիրները

Ապրիլի 14-ին դպրոցում տեղի ունեցավ "Մեխանիկայի հիմնադիրները" միջոցառումը ֆիզիկայից; Այն կազմակերպել էր ֆիզիկայի ուսուցչուհի Լիլիթ Աղբալյանը: ՄԻջոցառման ընթացքում ներկայացվեցին մեխանիկայի հիմնադիրները համարվող գիտնականների` Արքիմեդի, Ալբերտ Էյնշտեյնի և Իսահակ Նյուտոնի կյանքը, հայտնագործությունները և օրենքները: Ներկայացվեցին նրանց կյանքից աշակերտների համար մինչ այդ անհայտ, հետաքրքիր դրվագներ: 
Անդրադարձ արվեց նաև հայ գիտնականների, մասնավորապես` հայտնի ֆիզիկոս Գևորգ (Ջորջ) Ատոմյանի հայտնագործություններին զինաստեղծման ոլորտում:Այս ամենն ուղեկցվում էր հանրահայտ
գիտնականների օրենքների մեկնաբանություններով  մեծ էկրանի վրա, որն ավելի մատչելի էր դարձնում միջոցառման նյութի ըմբռնումը հանդիսատեսի կողմից:  Վերջում հետաքրքիր ձևով իրար միահյուսվեցին հայրենասիրությունը և բնության մասին ամենամեծ գիտությունը` ֆիզիկան:

Մայրության և գեղեցկության օր



Այս տարվա ապրիլի 7-ը` մայրության և գեղեցկության տոնը, առանձնահատուկ ձևով նշվեց մեր դպրոցում: Թե' ուսուցիչները, թե' աշակերտները ինքնաբուխ կերպով ցանկացել էին գովերգել մորը: Մայրական սերը, որ ամենաջերմն է բոլոր սերերից, կազմակերպված բոլոր միջոցառումների առանցքն էր կազմում:

IVԲ դասարանը(դասվար` Մարգարիտա Մկրտումյան) կազմակերպել էր դաս-միջոցառում` "Պոեզիայի ժամ", որի ընթացքում երեխաները ասմունքեցին մորը նվիրված հայտնի և անհայտ ստեղծագործություններ: Էկրանին մայրական սիրո բերկրանքն արտացոլող կադրեր էին,որոնք գեղեցիկ կերպով լրացնում էին երեխաների խոսքը:  Միջոցառումն այնքան էր դուր եկել երեխաներին, որ նրանք, դասվարի հետ միասին, որոշեցին անակնկալ անել մայրիկներին. հաջորդ օրը  անսպասելի կերպով հրավիրեցին նրանց դպրոց և կրկնեցին իրենց ուսանելի "դասը":
II Ա  դասարանը (դասվար` Օվսաննա Հարությունյան) դպրոցի դահլիճում ուսուցիչների, ծնողների և տարրական դասարանների աշակերտների համար կազմակերպել էր փոքրիկ
                                  
միջոցառում, որը գեղեցիկ պահեր և դրական լիցքեր պարգևեց բոլոր ներկաներին: Այստեղ ևս չկարողացան չանդրադառնալ մեծ մայրապաշտի բանաստեղծություններին: Երեխաները երգեցին, պարեցին, իսկ միջոցառման ավարտին մեկական վարդ նվիրեցին իրենց մայրիկներին և միջոցառմանը ներկա բոլոր ուսուցիչներին:


Օրն ամփոփվեց VIIԲ դասարանի(դասղեկ` Սեդա Քարտաշյան) "Մայր իմ անուշ ու անգին" միջոցառմամբ: Միջոցառման ողջ
ընթացքում բեմում էր մոր կերպարը, ով անընդհատ աշխատում և հոգում է իր երեխաների կարիքները: Յոթերորդցիների խոսքը տպավորիչ էր, գեղեցիկ ու հուզիչ: Գեղեցիկ էին նաև երաժշտական համարները:  Մայրական սիրո ուժը ցույց տալով` երեխաները ներկայացրին մի փոքրիկ բեմականացում, որտեղ նույնիսկ արյունարբու թշնամին ընկրկում է մոր առաջ և նրան է հանձնում իր սիրասուն զավակին:

Օրն այնքա˜ն հաճելի էր ու մայրաբույր...

Մանկական գրքի շաբաթ

Մարտի 27-ին հանրապետությունում մեկնարկեց Մանկական գրքի շաբաթը, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ: ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և մի խումբ գրողներ այդ օրը մեր դպրոցի հյուրերն էին: Դահլիճը լեփ-լեցուն էր: Հյուրերի թվում էին սիրված մանկագիրներ Լիպարիտ Սարգսյանը, Երվանդ Պետրոսյանը, "Կանչ" թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանը, "Ծիծեռնակ"   ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, մեր հայրենակից գրողներ Կորյուն Առաքելյանը, Զավեն Պետրոսյանը, Սամվել Բեգլարյանը և այլոք: Բանաստեղծները կարդացին իրենց ստեղծագործություններից,  աշակերտները  ևս ասմունքեցին և ներկայացրին հյուրերի բանաստեղծությունները: Միջոցառման ավարտին հյուրերը դպրոցի գրադարանին նվիրեցին իրենց գրքերը` մակագրություններով: