Tuesday, November 17, 2015

Գեղեցիկ նախաձեռնություն



Վերջերս դպրոցի իններորդ դասարանցիները, ֆրանսերենի ուսուցչուհի Հ. Ցուցուլյանի հետ միասին դարձան  գեղեցիկ մի նախաձեռնության հեղինակ:  Նրանք դպրոցի նոր վերանորոգված մարզադահլիճի դիմացի փոքրիկ հողատարածքում իրենց կողմից ձեռք բերված ծաղիկների սերմերի ցանք կատարեցին: Աշակերտները մեծ սիրով աշխատեցին և խոստացան մշտապես խնամել և ավելի շատացնել ծաղիկները: 

Բերքի տոն 2015

Ավանդական դարձած բերքի տոնին դպրոցի աշակերտները,
ուսուցիչները, ինչպես նաև ծնողները միշտ էլ անհամբերությամբ են սպասում: Այս տարի ևս դպրոցի բոլոր դասարանները  խնամքով ու ջանասիրությամբ էին պատրաստվել  Հայաստանի բերքն ու բարիքը ներկայացնելու համար:  Աշնանային բերք ու բարիքով ծանրաբեռնված սեղանները ձևավորված էին այնպիսի ջանասիրությամբ ու  յուրահատուկ ձևավորմամբ, որ անտարբեր չէին թողնում ոչ
մեկին: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի մշակույթի,  կրթության և սպորտի վարչության պետ Կ. Նազարյանը:
  Միջոցառման ընթացքում 7-րդ և 8-րդ դասարանցիները մրցեցին աղցաններ պատրաստելու հմտությամբ, իսկ իններորդ դասարանցիները պատրաստեցին ֆուրշետային
սեղաններ:
Միջոցառման ընթացքում հնչեցին աշխույժ երգեր, բեմադրվեցին գեղեցիկ պարային համարներ: Ելույթ ունեցան ինչպես դասարանախմբերի պարուհիները, այնպես էլ դպրոցի պարի խմբակի սաները: 

Հոգեբանի գործառույթները դպրոցում


 Դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանի նախաձեռնությամբ այս ուսումնական տարում արդեն  երկրորդ անգամ կազմակերպվում է ուսանելի  և  կարևոր  սեմինար: Այս անգամ այն վերաբերում էր դպրոցում հոգեբանի գործառույթներին: Մ. Մարդանյանը մանրամասնորեն ներկայացրեց իր կատարած, ինչպես նաև տարվա ընթացքում նախատեսած միջոցառումները: Այդ ամենն ուղեկցվում էր մեծ էկրանի վրա լուսանկարների ցուցադրությամբ, որտեղ պատկերված էին դպրոցի աշակերտների հետ տարված աշխատանքները: 
Սեմինարին ներկա դասղեկները և ուսուցիչները կարևորեցին կատարված աշխատանքները, տեղում պլանավորեցին հոգեբանի հետ համագործակցությունը:

Monday, November 16, 2015

Ուսուցչի տոն


Դպրոցի աշակերտական խորհուրդը այս տարի որոշեց ուսուցչի տոնը նշել մեծ միջոցառմամբ: Դասերից հետո բոլոր ուսուցիչները հրավիրվեցին դահլիճ, որտեղ նրանց էր սպասում հաճելի անակնկալներով համեմված գրական երաժշտական ցերեկույթ: Երեխաները  երգեցին, պարեցին, իրենց սրտի խոսքն ասացին սիրելի ուսուցիչներին:  Իսկ երեխաների ներկայացրած դպրոցական
մանրապատումները անկեղծ  ու լիաթոք ծիծաղ պարգևեցին բոլոր
 հանդիսատեսներին:
Միջոցառման վերջում ներկա բոլոր ուսուցիչներին աշխորհրդի կողմից փոքրիկ հուշանվերների տեսքով բաժանվեց աշակերտների սրտի քաղցրությունը: