Monday, November 28, 2016

Աշակերտական ընդհանուր ժողով


Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ դպրոցի աշակերտական ընդհանուր ժողով: Օրակարգում նախորդ տարվա աշխատանքների ամփոփումն էր և աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի ներկայացում: Քանի  որ աշխորհրդի նախագահը ավարտել է դպրոցը, նախորդ տարվա աշխատանքները ներկայացրեց կազմակերպիչ Ս. Պետրոսյանը:  Ժողովը աշխատանքը գնահատեց բավարար: 
Այնուհետև ներկայացվեցին աշխորհրդի կողմից առաջադրված թեկնածուները: Նրանք չորսն էին՝ Կամո Աղբալյան, Զարուհի Բեջանյան, Գագիկ Հայրապետյան, Նարե Տիգրանյան: Սակայն Զ. Բեջանյանը ինքնաբացարկ էր հայտնել: Մյուս երեք թեկնածուները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը:  Որոշվեց անցկացնել նախընտրական քարոզարշավ: 
Ժողովի ավարտին տնօրեն Ա. Փաշինյանը պատվոգրեր հանձնեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված թեթև ատլետիկայի մրցաշարի հաղթողներին:


Sunday, November 27, 2016



Դպրոցի աշակերտները և ուսուցիչները մեծ ոգևորությամբ ձեռնամուխ եղան թղթի թափոնի հավաքման գործին: Մեկ շաբաթում հավաքվեց ավելի քան մեկ տոննա թափոն, որը հանձնվեց հավաքող կազմակերպությանը : Թափոնի փոխարեն դպրոցը կստանա տարբեր ֆորմատների որակյալ թուղթ:

Անկախություն 25



Այս տարի լրացավ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Սեպտեմբերի 21-ի առավոտյան դպրոցի աշակերտական և ուսուցչական ողջ կոլեկտիվը հավաքվել էր դպրոցի բակում՝ մասնակցելու տոնական միջոցառմանը: Աշակերտների ձեռքին եռագույն դրոշներ ու փուչիկներ են, բոլորը համակված են տոնական  ու հաղթական տրամադրությամբ:
Զեկուցմամբ հանդես եկավ դպրոցի զինղեկ Ռ. Քամալյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները, առանձնապես կարևորեց բանակաշինությունը՝ որպես մեր պետության անվտանգության երաշխավորի:
Ելույթ ունեցան դպրոցի շնորհալի աշակերտները, պարի խմբակի սաները: Նրանց կատարումները մեծ ոգևորություն առաջացրին:
 Միջոցառումից հետո դպրոցի ողջ անձնակազմը մասնակցեց անկախության երթին և ծաղիկներ խոնարհեց անկախության համար զոհված մարտիկների հուշարձանին:

ԱՊՀ 25

Սեպտեմբերի 15-ին IXա դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված ԱՊՀ 25-ամյակին: Դրանով մեր դպրոցը ևս միացավ միասնական բաց դասին, որը միևնույն օրը տեղի ունեցավ հանրապետության բոլոր դպրոցներում:
Դասի սկզբում բացման խոսքով հանդես եկավ պատմության ուսուցչուհի Ս, Բեկնազարյանը, որից հետո աշակերտները ներկայացրին ԱՊՀ ստեղծման նախապատմությունը, պայմանները, զարգացումը: Անդրադարձ կատարվեց նաև Ղարաբաղյան հիմնախնդրին: 
Նշենք, որ դասը հագեցած էր տեխնիկական միջոցներով: Դասին ներկա էին ուսուցիչներ, ովքեր գոհ և տպավորված հեռացան դասից:

Սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1-ը դպրոցականների սիրած տոներից է: Երկար անջատումից հետո նրանք վերադառնում են հարազատ կրթօջախ, ուր նրանց են սպասում ուսուցիչները: Սեպտեմբերյան այդ պայծառ օրը անմոռաց կմնա հիսունհինգ առաջին դասարանցիների համար. նրանք գեղեցիկ ծաղկեփնջերով ու լարված սպասումով էին եկել դպրոց: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանը, ելույթ ունեցան իններորդ դասարանի աշակերտուհի Զարուհի Բեջանյանը, մի խումբ շնորհալի աշակերտներ: Այնուհետև գիտության բանալին  իններորդ դասարանցիները հանձնեցին առաջին դասարանցի փոքրիկին: Հնչեց առաջին զանգը և բոլորին կանչեց դպրոց: