Thursday, October 24, 2013

Ուսուցչի օր

Ուսուցչի օրը շնորհավորելու յուրովի  ձև էր ընտրել օտար լեզվի մասնախումբը: Դպրոցի շնորհալի աշակերտների ուժերով կազմակերպվել էր փոքրիկ ցերեկույթ, որը տեղի ունեցավ դպրոցի ուսուցչանոցում: Ֆրանսերենով և անգլերենով շնորհավորելով ուսուցիչներին` աշակերտները իրենց մաղթանքները հղեցին նրանց: Հնչեցին ֆրանսիական հայտնի երգերի գեղեցիկ կատարումներ, որոնք ընդունվեցին ծափերով և գովասանքի խոսքերով: Միջոցառման կազմակերպիչներն էին Հ. Մկրտումյանը, Մ. Գուլակյանը, Ս. Հովհաննիսյանը և Հ. Ցուցուլյանը: Բոլոր ներկաները հաճելիորեն զարմացած էին այս գեղեցիկ անակնկալից:

Wednesday, October 23, 2013

Բերքի տոն 2013

                                  

Ամեն տարի, աշնանային այս օրերին, Հայաստան աշխարհի յուրաքանչյուր անկյունում յուրովի է նշվում "Բերքի տոնը":  Տոն, որ գովերգում է հայոց հողը, հայ աշխատավորի տքնաջան աշխատանքը և դրա արդյունքում ստացված հուռթի բերքը: Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում ավանդույթ դարձած միջոցառումների թվին է պատկանում այս միջոցառումը , որին անհամբեր սպասում են բոլորը` աշակերտ, ուսուցիչ, թե ծնող:Այս տարի ևս այն անցավ գեղեցիկ և ճաշակով զարդարված տոնական սեղաններով, երգ ու պարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ: Յուրաքանչյուր դասարան ձևավորել էր տոնական սեղան, որտեղ ներկայացված էին բացառապես Իջևանի տարածաշրջանը ներկայացնող մրգեր, կերակրատեսակներ:  Բազմատեսակ մրգերը, մեղրը,  քամած մածունը, կաթի սերը դեպի իրենց էին ձգում սեղանների մոտով անցնող յուրաքանչյուրին, իսկ աշակերտները սիրով բոլորին հրավիրում էին իրենց սեղանի մոտ: Միջոցառմանը ավելի մեծ հետաքրքրություն հաղորդեցին դասարանների պատրաստած գեղեցիկ պարային և երաժշտական համարները: