Monday, December 30, 2013

Սուրբ Ծննդյան հեքիաթ



 Դեկտեմբերի 25-ին դպրոցի աշակերտները և  ուսուցիչները ականատես եղան  երկար սպասված Սուրբ Ծննդյան հեքիաթին: Ֆրանսերենի երիտասարդ ուսուցչուհի Հայարփի Ցուցուլյանը ցանկանում  էր, որ կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծննդյան տոնին Հայաստանի մեր անկյունում ևս մարդիկ ուրախ ու երջանիկ զգան իրենց:  Եվ նրա կազմակերպած միջոցառումը իսկապես ներկաներին բազմաթիվ ուրախ պահեր պարգևեց:  
Շուտով Ծննդյան տոնն է, ընտանիքը պատրաստվում է, երեխաներն ուրախ զարդարում են տոնածառը: Թոռնիկներից մեկը հարցնում է. "Տատիկ, իսկ ճիշտ է, որ Սուրբ Ծննդյան տոնին հրաշքներ են տեղի ունենում": Եվ տատիկը պատմում է հեքիաթը... Բեմի վրա տարվա տասներկու ամիսներն են, որոնց հրաշքով հանդիպում է մի որբ աղջնակ, ում խորթ մայրը անտառ ցախի էր ուղարկել: Իսկ պալատում փոքրիկ արքայադուստրը ձնծաղիկ է պահանջում. "Մինչև ձնծաղիկներս չբերեն, ոչ մի նոր տարի չի գա"...
Երևի կռահեցիք, երեխաները ներկայացնում էին "Տարվա 12 ամիսները" հեքիաթը: Մեկը մյուսին են հաջորդում դրվագները, և հանդիսատեսի աչքի առջև կատարվում է Սուրբ Ծննդյան հրաշքը. բոլորը բարի են դառնում, աղջիկը բազմաթիվ նվերներ է ստանում...
Բեմականացմանը հաջորդեցին հանրահայտ երգերի գեղեցիկ կատարումներ, որոնք ևս ուղեկցվում էին թատերական ներկայացումներով: Իսկ միջոցառման վերջում ուսուցչուհու գեղեցիկ երգը անակնկալ էր նույնիսկ մասնակից աշակերտների համար:




No comments:

Post a Comment