Sunday, March 29, 2015

Գարնանամուտ














Մարտի 6-ին բազմամարդ էր դպրոցի դահլիճը:
 Այնտեղ տիրում էր պայծառ, գարնանային տրամադրություն: Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները կազմակերպել էին գարնան գալուստին և կանանց միամսյակին նվիրված հետաքրքիր մի ցերեկույթ: Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր ու բանաստեղծություններ: Երեխաները երգ ու պարով ներկայացրեցին, թե ինչպես են դիմավորում գարնան մուտքը տարբեր ժողովուրդներ. Հայաստանում այն սկսվում է Բարեկենդանով, Ռուսաստանում՝ Մասլեննիցայով, Հնդկաստանում՝ Հոլիով, եվրոպական երկրներում՝ մայիսյան ծառի շուրջ շուրջպարով և այլն:
Գարունը մայրության, գեղեցկության և սիրո խորհրդանիշ է:Պատահական չէ, որ գարնան
առաջին օրերից է մեզ մոտ սկսվում մայրերի, կանանց և քույրերի միամսյակը: Հնչեցին սրտաբուխ երգեր և բանաստեղծություններ՝ նվիրված գեղեցկուհի մայրերին և
ուսուցիչներին:
Միջոցառումից մի քանի օր առաջ դպրոցի միջանցքում տեղադրվել էր ՛՛Մաղթանքների արկղիկ՛՛:
Այդ հուզիչ և,ինչ որ տեղ,անսպասելի բարեմաղթանքները հաճելի նվեր էին դահլիճում ներկա բազմաթիվ ուսուցիչների համար:
Միջոցառման ավարտին  լեգենդար Կարաբալան աշակերտների սերն ու հարգանքը ծաղիկների տեսքով փոխանցեց ուսուցիչներին: Այդ հուզառատ օրը դահլիճում գտնվող
ուսուցիչները տեսան և զգացին սաների սերն ու ջերմությունը:

Sunday, March 22, 2015

Մայրենիի օր



Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնախումբը ամեն տարի յուրովի է նշում այս տոնը: Այս անգամ առաջին հարկում նախապես պատրաստվել էր շարժական ստենդ, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Իսկ արդեն օրվա վերջում դահլիճում տեղի ունեցավ երկու միջոցառում: Տարրական դասարանցիների համար միջոցառում էին պատրաստել IV Ա դասարանի (դասվար՝ Ա. Ալոյան), իսկ բարձր դասարանցիների համար VIIIԲ դասարանի (դասղեկ՝ Ս. Քարտաշյան) աշակերտները:











Իրենց գեղեցիկ կերպարներով, արտահայտիչ խոսքով, բեմական կեցվածքով, երգով ու պարով երկու միջոցառումների մասնակիցները հանդիսատեսին մատուցեցին Հայոց
ոսկեղենիկ լեզուն՝ իր ծագումից մինչ այսօր, պատմեցին մեր լեզվի կարևոր դերակատարման մասին՝ որպես ազգապահպանության միջոց և պատվիրեցին մաքուր ու անաղարտ պահել այն՝  աշխարհի որ ծայրում  էլ լինեն,  խոսել միշտ մայրենի լեզվով, քանզի հայը հայ է մնում իր լեզվով:
Նշենք, որ օրվա համար որպես բնաբան էր վերցված անգլիացի հայտնի բանաստեղծ, հայագետ Ջորջ Բայրոնի խոսքերը. ,,Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է,,: 

Բարի գործերի օր

Փետրվարի 17-ը աշխարհում նշվում է որպես  ,,Բարի գործերի օր,,:  Այդ օրը,  ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ միասին, դպրոցի ութերորդ դասարանցիները
դպրոցամերձ հողամասի ծառերին տեղադրեցին  երեխաների ձեռքով պատրաստված գեղեցիկ թռչնաբներ: Գարնանը տաք երկրներից վերադարձող մեր թևավոր բարեկամներն այս ձևով կզգան մարդկային բարությունն ու իրենց անուշ ծլվլոցով կուրախացնեն մարդկանց: Երեխաներն այժմ անհամբեր սպասում են, թե երբ են այդ բները բնակեցվելու:

Friday, March 6, 2015

Հայրենասիրություն

Հայրենիքը  և հայրենասիրությունը գովերգող միջոցառումների պակաս դպրոցում երբևէ չի զգացվել: Այս ուսումնական տարում, Մեծ Եղեռնի 100-ամյա  տարելիցին ընդառաջ, նմանօրինակ միջոցառումներն առավել են կարևորվում: Այդ տրամաբանությամբ էլ VI ա դասարանի և դասղեկ Ս. Բեկնազարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որը հենց այդպես էլ կոչվում  էր՝  ՛՛Հայրենասիրություն՛՛:  Հայրենասիրությունն սկսվում է հայրենիքը ճանաչելուց: Հայրենաճանաչության մի յուրատեսակ դաս էր այս միջոցառումը, որի ընթացքում բեմում էին հայոց մեծերը՝ Հայկ Նահապետը, Տիգրան Մեծը, Վարդան Մամիկոնյանը:  Նրանք ներկայացնում էին իրենց կատարած մեծ գործերը, միևնույն ժամանակ ներկա սերնդին ուղղում իրենց պատգամները:  Իսկ միջոցառման առանցքում Մայր Հայաստանի կերպարն էր, որի կողքին հպարտ  կանգնած էր նորօրյա, երիտասարդ Հայաստանը:
Երեխաների շուրթերից հնչող յուրաքանչյուր խոսք իր հետքն էր թողնում ներկաների հոգում: Այս ամենն ուղեկցվում էր գեղեցիկ պարերով և երգերի խմբակային կատարումներով: Ուսուցանող, տպավորիչ, գունագեղ այս միջոցառումից բոլոր ներկաները հեռացան՝   իրենց հետ տանելով հայրենասիրության մի մեծ չափաբաժին :





Tuesday, March 3, 2015

Հայկական բանակ-23


ՀՀ Զինված Ուժերի 23-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը դպրոցում մեկնարկեց հունվարի 28-ին, ժամը 10.00-ին: Ներկա էին դպրոցի աշակերտական և ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողներ, հյուրեր, զինվորական զորամասի սպաներ: Ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանը, զինղեկ Ռ. քամալյանը, Իջևանի զորամասի ներկայացուցիչ մայոր Պողոսյանը, հայր Սիմեոն քահանան: Բոլոր ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարևորեցին բանակի և բանակաշինության դերը հայոց պետականության պահպանման գործում, կոչ արեցին լինել հայրենասեր և հայրենիքի լավ զինվոր: III ա դասարանի աշակերտները, դասվար Օ. Հարությունյանի հետ պատրաստել էին հայրենասիրական շնչով տոգորված միջոցառում: Փոքրիկներն այնքան էին ոգևորված, որ նույնիսկ առավոտյան ցուրտը չխանգարեց նրանց՝  ներկաներին հասցնել իրենց բոցաշունչ խոսքը:
Բացօթյա միջոցառումից հետո ութերորդ դասարանցիների մոտ Իջևանի N  զորամասի սպաներ Պողոսյանը և Թամրազյանը անցկացրին ՛՛Արիության դաս՛՛: Մայոր Պողոսյանն իր տպավորիչ խոսքով ոգևորեց պատանիներին և աղջիկներին, պատասխանեց աշակերտներին և ուսուցիչներին հուզող հարցերին:




Անգլերենը՝ դպրոցում






Տարիներ ի վեր դպրոցում  ուսումնասիրվում է երեք օտար լեզու: Երրորդ լեզուն՝ անգլերենը, մեր աշակերտները սկսում են սովորել հինգերորդ դասարանից սկսած: Եվ ահա, տառերի ուսուցումն ավարտելուց հետո Vա դասարանում կազմակերպվեց միջոցառում, որի հեղինակները անգլերենի ուսուցիչներ Մ. Գուլակյանը և Գ. Հարությունյանն էին: Ներկաներին հաճելիորեն զարմացրեց երեխաների մաքուր և հստակ արտասանությունը: Աշակերտները նույնիսկ փոքրիկ բեմականացում  ցուցադրեցին: Նրանք այնքան վարժ ու անկաշկանդ էին արտաբերում անգլերեն բառերը, կարծես վաղուց ծանոթ էին այդ լեզվին:

Ամանոր 2015












2015 թվականը ուրախ և բարձր տրամադրությամբ

դիմավորելու համար դպրոցի տարբեր դասարաններում կազմակերպվեցին ամանորյա միջոցառումներ: Հատկապես տարրական դասարանների աշակերտները անհամբերությամբ էին սպասում այդ միջոցառումներին,Ձմեռ պապին, Ձյունանուշին և նվերներին: Երեխաների ոևւրախությանը չափ ու սահման չկար:, երկու օր շարունակ դպրոցի
կամարների տակ թևածում էր ուրախ երգն ու պարը: 
Օտար լեզուների մասնախումբը հաճելի անակնկալ մատուցեց ուսուցիչներին՝ ֆրանսերեն և անգլերեն լեզուներով գեղեցիկ ամանորյա երգերի կատարումներեվ:

Իսկ աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ
դեկտեմբերի 26-ին կազմակերպվեց դիմակահանդես` ութերորդ դասարանցիների  և աշակերտական խորհրդի անդամների մասնակցությամբ: Ավագ դասարանցիները ևս իրենց միջոցառումը անցկացրին մեծ ոգևորությամբ, կազմակերպվեցին տարաբնույթ խաղեր, հնչեցին գեղեցիկ կատարումներ,, իսկ պարային համարները առավել մեծ հետաքրքրություն առաջացրին: