Wednesday, February 28, 2018

Բանավեճի ակումբ



Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող Բանավեճի ակումբի շրջանակներում փետրվարի 27-ին տեղի ունեցավ հերթական խաղը Իջևանի հ. 1 հիմնական և Սևքարի միջնակարգ դպրոցների թիմերի միջև: Խաղի թեման էր 
՛՛ Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի գոյությունը արդարացված է՛՛: Ըստ խաղի կանոնների նախապես տեղի ունեցավ վիճակահանությունը, որի արդյունքում մեր թիմին բաժին ընկավ ՛՛Դեմ՛՛ դիրքորոշումը պաշտպանելը: Դա  մի փոքր դժվարացրեց թիմի գործը, քանի որ դեմ դիրքորոշման թիմի անդամները պետք է տեղում հակապնդումներ հնչեցնեն կողմ դիրքորոշման պնդումներին:  Մեր թիմը պատվով դուրս եկավ դժվար վիճակից, սակայն վերջում, միավորների հաշվարկով, ցավալի պարտություն կրեց 43-36 հաշվով: 
  Հաջորդ խաղը նախատեսված է անցկացնել մարտի 20-ին,  որից հետո երկու խաղերի արդյունքում կընտրվի մարզային թիմ, որը կմասնակցի մայիսին Երևանում անցկացվող եզրափակչին:
  Նշենք, որ մեր թիմը ներկայացնում էին իններորդ դասարանի աշակերտուհիներ  Լիան, Մարիամը, Մարուսյան, Մարինան և Անահիտը:

Friday, February 23, 2018

Բարեկենդան


Փետրվարի 23-ին դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Բարեկենդանի տոնին: Այն նախաձեռնել և կազմակերպել էին ՀԵՊ ուսուցչուհի Ս. Յարալյանը  և յոթերորդ բ դասարանի  աշակերտները  (դասղեկ՝ Լ. Գալստյան): 
   Երեխաները նախ բեմադրեցին հանրահայտ  ՛՛Բարեկենդանը՛՛ հեքիաթը, որից հետո բացատրեցին, թե ինչու տանտիրուհին ընկավ այդպիսի պատմության մեջ.  նա չգիտեր, թե ինչ է Բարեկենդանը: 
   Աշակերտները ներկայացրին Բարեկենդանի իմաստը, նշեցին, թե երբ է այն լինում, ինչպես են տոնում, ինչ է նշանակում բարեկենդան բառը: Բեմականացվեցին նաև Բարեկենդանի  որոշ խաղեր:
   Միջոցառումը  ուսուցողական էր և հետաքրքիր,  հանդիսատեսները շատ բան սովորեցին հայկական ավանդական այս տոնի մասին:

Wednesday, February 21, 2018

Մրցույթ մաթեմատիկայից


Փետրվարի 21-ին մաթեմատիկայի մասնախմբի ուսուցիչների նախաձեռնությամբ կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ   վեցերորդ դասարանցիներ մասնակցությամբ:  Վեցերորդ ա և բ դասարանների թիմերը կազմված էին հինգ  անդամներից: Մրցույթի առաջադրանքները կազմված էին այս տարվա անցած դասանյութից:  Տրվեց 20  հարց, յուրաքանչյուր հարցին թիմերը պատասխանում էին գրավոր և ներկայացնում ժյուրիին: Այնուհետև էկրանին երևում էր ճիշտ պատասխանը: Պետք է նշել, որ երկու թիմն էլ լավ  էին հիշում  անցած նյութը և տալիս էին ճիշտ պատասխաններ: 
   Խաղը ընդմիջվում էր  նաև երաժշտական կատարումներով, որոնք թուլացնում էին լարվածությունը:
Խաղի արդյունքում չնչին ՝ մեկ միավորի առավելությամբ հաղթեց վեցերորդ ա դասարանի թիմը: Ամփոփման ժամանակ ժյուրին շեշտեց, որ ընդհանուր առմամբ խաղը հավասար էր, և եթե չլիներ փոքրիկ հաշվարկային սխալը, խաղը կավարտվեր ոչ-ոքի:  Այդ էր պատճառը, որ երկու թիմերի անդամներին էլ հանձնվեցին  միևնույն նվերները: 

Saturday, February 10, 2018

Առնո Բաբաջանյան

Փետրվարի 8-ին դպրոցի դահլիճում կայացավ համերգ-միջոցառում՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին: Միջոցառումը կազմակերպել էր երաժշտության ուսուցչուհի Նարինե Շահինյանը, իսկ մասնակիցները դպրոցի հինգից յոթերորդ դասարանների շնորհալի աշակերտներն էին:  Երգչախմբի կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի հայտնի և սիրված երգերը, որոնք մեծ ջերմությամբ ընդունվեցին հանդիսատեսի կողմից: Առանձնապես լավ ընդունվեցին մենակատարներ Գոռ Հարությունյանի և Վարդուհի Միրզոյանի կատարումները: Երգերի ընթացքում եղան նաև պարային կատարումներ: Ներկայացվեց  մեծ երաժշտի կյանքը, մտքերը, երաժշտության իր ընկալումը:  

Friday, February 2, 2018

Այցելություն զորամաս



 Փետրվարի մեկին դպրոցի իններորդ դասարանցիները դպրոցի փոխտնօրենի, զինղեկի և դասղեկների ուղեկցությամբ այցելեցին Իջևանում տեղակայված զինվորական զորամաս: Երեխաների այցի նպատակն էր  ծանոթանալ զորամասին, զինվորի առօրյային, ինչպես նաև փոքրիկ  նվերներ հանձնել հայրենիքի պաշտպաններին: Աշակերտներին դիմավորեց գնդի հրամանատարի տեղակալը, ով մանրամասնորեն ներկայացրեց զինվորների ծառայությունը, առօրյան և առաջարկեց էքսկուրս  կատարել զորամասի տարածքում:  Բոլորը տպավորված էին զորամասի մաքրությունից, կարգուկանոնից, կահավորված կաբինետներից: 
Աշակերտներին հնարավորություն տրվեց նաև իրենց մի քիչ զինվոր զգալ. նրանք ինքնուրույն քանդեցին և հավաքեցին  ինքնաձիգը: 
 Երեխաները եղան նաև ճաշարանում, որտեղ պատրաստվում էր զինվորների ընթրիքը, մարզահրապարոկում , որտեղ փորձեցին իրենց ուժերը:
Առանձնապես ոգևորված էին տղաները: Մեկը մյուսին ասում էր. ՙՙԵս մեծ հաճույքով կծառայեմ այսպիսի զորամասում՚՚: 
Էքսկուրսիայի վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն մայիսին ևս մեկ անգամ հանդիպել, այս անգամ արդեն համերգային ծրագրով: