Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տոնական եռուզեռ է: Թվում է, դպրոցը լիքն է զինվորականներով: Սակայն, ուշադիր նայելով, տեսնում ենք, որ այդ զինվորները 8-րդ և 9-րդ դասարանցիներն են` զինվորական համազգեստով: Ցածր դասարանցիները զարմանքով ու նաև հիացմունքով խռնվել են նրանց շուրջ: Առավոտվանից դպրոցում հնչում են հայրենասիրական երգեր: Աշակերտները, խմբվելով միջանցքում տեղադրված հեռուստացույցի առջև, ոգևորված երգում են ու պարում:
Երկար դասամիջոցին հանպատրաստից փոքրիկ միջոցառում կայացավ, հայրենասիրության դաս, որ իններորդ դասարանցիներին տվեց պատմության ուսուցչուհի Է. Մատինյանը: Դասերի ավարտին դահլիճում տեղի ունեցավ «Շնորհավոր ծնունդդ, հայոց բանակ» խորագիրը կրող միջոցառումը:
Միջոցառման հյուրերն էին գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Իջևանի զինկոմի տեղակալ մայոր Ա. Խաչատրյանը,այլ զինվորականներ: Նրանք միջոցառումից առաջ իրենց խոսքն ասացին աշակերտներին: Գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը պատմեց բանակի ստեղծման դժվարին սկզբի մասին, իսկ մայոր Ա. Խաչատրյանը ներկայացրեց բանակի անցած փառավոր մարտական ուղին: Այնուհետև միջոցառման մասնակից աշակերտները իրենց գեղեցիկ խոսքով և հայրենասիրական երգերով ներկայացնելով բանակի պատմությունը` հաճելի պահեր պարգևեցին ներկաներին: Ամբողջ դահլիճը երգում էր հանրահայտ երգը.
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,
Եվ թող իմանան բոլորը, մեր անունն է
Հայկական բանակ:
Բոլոր մասնակիցները դահլիճից հեռացան հպարտության և հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցման զգացումով:
No comments:
Post a Comment