Wednesday, February 26, 2014

Մեր հաղթանակը

Վերջերս <ՆիկԱրմ> ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ Իջևանում անցկացվեց ֆուտզալի հուշամրցաշար` նվիրված Իջևան քաղաքի դպրոցների նախկին տնօրենների հիշատակին: Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբերով: 2000-2001թթ. ծնվածների մրցաշարին գերազանց հանդես եկավ և առաջին տեղն զբաղեցրեց Իջևանի Սպ. Սարգսյանի անվան հ.1 հիմնական դպրոցի թիմը: Թիմը հանդես եկավ հետևյալ կազմով` Տիգրան Խաչատրյան, Յուրի Մովսիսյան, Տիրան Նազինյան, Արման Օհանյան, Նիկիտ Մարկոսյան, Արման Ալեքսանյան, Նվեր Բազինյան, Մխիթար Թանանյան, Խաժակ Սարգսյան: Փետրվարի 20-ին քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ պարգրատրման հանդիսավոր արարողությունը:  Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով և հուշանվերներով:  Ավագ տարիքային խմբում լավագույն խաղացող ճանաչվեց և "Սպարտակ Սարգսյան" մրցանակով պարգևատրվեց թիմի անդամ Տիգրան Խաչատրյանը: Լավագույն ռմբարկու ճանաչվեց և "Գրիշա Ղալթախչյան"  մրցանակով պարգևատրվեց Նվեր Բազինյանը: 
Պարգևատրումից հետո պատանի ֆուտբոլիստները տնօրեն Լ. Խաչատրյանին հանձնեցին  թիմի ստացած գավաթը և պատվոգիրը: Տնօրենը, շնորհավորելով երեխաներին, մաղթեց նորանոր հաջողություններ: Նա ասաց, որ գավաթը կպահվի դպրոցի տարեգրության թանգարանում` դպրոցի տարբեր տարիներին ստացած բազմաթիվ մրցանակների կողքին:


Սիրո մեր տոնը

Փետրվար ամսին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, իսկ կաթոլիկ աշխարհը` Սուրբ Վալենտինի տոնը: Սիրո այս երկու տոները մեր դպրոցում միավորվեցին աշակերտական խորհրդի և հայոց լեզվի ու գրականության մասնախմբի ջանքերով: Վաղ առավոտից դպրոց մտնողները հաճելիորեն զարմացան` տեսնելով փուչիկներով ու սրտիկներով զարդարված մուտքը: Դա աշխորհրդի անակնկալն էր բոլոր սիրող սրտերին: Իսկ արդեն օրվա վերջում, իններերդ դասարանցիների ուժերով, կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում, որտեղ հնչեցին հայտնի  հայ գրողների սիրուն նվիրված
բանաստեղծությունները: Աշակերտները կարդացին Պ. Սևակի, Ե. Չարենցի, Ս. Կապուտիկյանի, Հ. Սահյանի, ինչպես նաև Քուչակի, Նարեկացու ստեղծագործությունները:

Վերջում աշակերտներին միացան նաև
ուսուցիչները, ովքեր նույնպես ասմունքեցին: Ասմունքն ընդմիջվում էր գեղեցիկ երաժշտական կատարումներով, որոնք առավել հուզականություն հաղորդեցին միջոցառմանը:
Բոլոր ներկաները հեռացան` իրենց հետ տանելով օրվա խորհուրդը` սերը:

Wednesday, February 5, 2014

Հայոց բանակը 22 տարեկան է




 Հունվարի  28-ը   հայկական զինված ուժերի ստեղծման  օրն է:  Յուրաքանչյուր տարի այդ օրը բացառիկ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ է անցնում մեր դպրոցում: Դա բացատրվում է նրանով, որ դպրոցի ողջ անձնակազմը` թե' տնօրինությունը, թե' ուսուցիչները և թե' աշակերտները, գիտակցում և կարևորում են բանակի անգնահատելի դերն ու նշանակությունը մեր պետության կայացման և հզորացման գործում: 
Այս անգամ կազմակերպված միջոցառումը  ամփոփ ձևով ներկայացնում էր հայկական զինված ուժերի զարգացման պատմությունը` ստեղծման պահից մինչև այսօր: Դահլիճում ոգևորություն առաջացրեց հայկական թագավորական դինաստիաների զինանշաններով և ռազմական հանդերձանքով աշակերտների մուտքը, ովքեր, կարծես, իրենց հետ   բերեցին  հին դարերի շունչը: 
Իններրդ դասարանի տղաները, ովքեր ներկայացնում էին բանակի պատմությունը, իսկական զինվորների էին նման: Նրանց փոքրիկ ներկայացումը և խրոխտ ու հատու խոսքը հուզմունքի պահեր պարգևեցին հանդիսատեսին:
Միջոցառման հանդիսավոր մասը շարունակվեց տոնական համերգային ծրագրով: Դպրոցի շնորհալի աշակերտուհիները կատարեցին վերջին տարիներին բանակի մասին ստեղծված լավագույն երգերը: Յուրաքանչյուր կատարում ընդունվում էր բուռն ծափահարություններով:
Աշակերտների խոսքը և երգը ուղեկցվում էին բանակի մասին խոսուն կադրերով, որոնք մեծ էկրանի վրա ներկայացվում էին հանդիսատեսին:
Միջոցառմանը ներկա էին Իջևանում տեղակայված զորամասի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը, Իջևանի տարածաշրջանի զինվորական կոմիսարի տեղակալ Ս. Բաբայանը: Փոխգնդապետ Սահակյանը, կարևորելով դպրոց-զորամաս կապը, զորամասի հրամանատարության անունից պատվոգրեր հանձնեց դպրոցի տնօրեն Լ. Խաչատրյանին և զինղեկ Ռ. Քամալյանին:
: