Հունվարի 28-ը հայկական զինված ուժերի ստեղծման օրն է: Յուրաքանչյուր տարի այդ օրը բացառիկ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ է անցնում մեր դպրոցում: Դա բացատրվում է նրանով, որ դպրոցի ողջ անձնակազմը` թե' տնօրինությունը, թե' ուսուցիչները և թե' աշակերտները, գիտակցում և կարևորում են բանակի անգնահատելի դերն ու նշանակությունը մեր պետության կայացման և հզորացման գործում:
Այս անգամ կազմակերպված միջոցառումը ամփոփ ձևով ներկայացնում էր հայկական զինված ուժերի զարգացման պատմությունը` ստեղծման պահից մինչև այսօր: Դահլիճում ոգևորություն առաջացրեց հայկական թագավորական դինաստիաների զինանշաններով և ռազմական հանդերձանքով աշակերտների մուտքը, ովքեր, կարծես, իրենց հետ բերեցին հին դարերի շունչը:
Իններրդ դասարանի տղաները, ովքեր ներկայացնում էին բանակի պատմությունը, իսկական զինվորների էին նման: Նրանց փոքրիկ ներկայացումը և խրոխտ ու հատու խոսքը հուզմունքի պահեր պարգևեցին հանդիսատեսին:
Միջոցառման հանդիսավոր մասը շարունակվեց տոնական համերգային ծրագրով: Դպրոցի շնորհալի աշակերտուհիները կատարեցին վերջին տարիներին բանակի մասին ստեղծված լավագույն երգերը: Յուրաքանչյուր կատարում ընդունվում էր բուռն ծափահարություններով:
Աշակերտների խոսքը և երգը ուղեկցվում էին բանակի մասին խոսուն կադրերով, որոնք մեծ էկրանի վրա ներկայացվում էին հանդիսատեսին:
Միջոցառմանը ներկա էին Իջևանում տեղակայված զորամասի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը, Իջևանի տարածաշրջանի զինվորական կոմիսարի տեղակալ Ս. Բաբայանը: Փոխգնդապետ Սահակյանը, կարևորելով դպրոց-զորամաս կապը, զորամասի հրամանատարության անունից պատվոգրեր հանձնեց դպրոցի տնօրեն Լ. Խաչատրյանին և զինղեկ Ռ. Քամալյանին:
No comments:
Post a Comment