Monday, December 30, 2013

Ծիսական Ամանոր

Դեկտեմբերի 26-ին 5-րդ ա դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում, որը կրում էր "Ծիսական Ամանոր" խորագիրը: Միջոցառումը կազմակերպել էր պատմության երիտասարդ ուսուցչուհի Սուրենդուխտ Բեկնազարյանը:
Բեմում աշակերտները հայկական ավանդական տարազներով էին, իսկ բեմը հիշեցնում էր հին հայկական տուն: Երեխաները պատմական ակնարկ կատարեցին` ներկայացնելով աշխարհի տարբեր ժողովուրդների Ամանորը: Ներկայացրին հին հայկական երեք նոր տարիները`  Նավասարդ ` օգոստոսի 11-ին, երբ մեր նախահայր Հայկ Նահապետը հաղթեց բռնակալ Բելին, Կաղանդ` մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրն է, որը բնության զարթոնքի խորհրդանիշն է և Ամանոր` հուվարին, որն սկսել է նշվել 16-րդ դարից:
Միջոցառումը, որն ուղեկցվեց աշակերտների թե հայկական, թե ժամանակից երգերով ու պարերով, մեծ աշխուժություն առաջացրեց դահլիճում:  Բեմում զարդարված էին հին հայկական ծիսական ծառերը` Կենաց ծառը և Չաթող ծառը, որոնք զարդարված էին խնձորներով ու չրերով, մոմերով: Միջոցառման ժամանակ երեխաները նաև տարեհաց թխելու ավանդույթը ներկայացրին, խմոր արեցին, տարեհաց "թխեցին" և բաժանեցին ներկաներին: Ըստ ավանդույթի` տարեհացի մեջ կոճակ կար, և ում ընկներ այդ "դովլաթը"` ամբողջ տարին նրան կուղեկցեր հաջողությունը: Այդ հաջողակը վեցերորդ դասարանցի Կամոն էր:
Վերջում եկավ Կաղանդ պապը` իր մորթուց պատրաստված քուրքով և բոլոր ներկաներին հղեց իր բարեմաղթանքները:
Միջոցառումը որքան տոնական, նույնքան էլ ուսուցողական էր: Այն մեկ անգամ ևս փաստեց, թե որքան կարևոր է արժևորել անցյալը:





Սուրբ Ծննդյան հեքիաթ



 Դեկտեմբերի 25-ին դպրոցի աշակերտները և  ուսուցիչները ականատես եղան  երկար սպասված Սուրբ Ծննդյան հեքիաթին: Ֆրանսերենի երիտասարդ ուսուցչուհի Հայարփի Ցուցուլյանը ցանկանում  էր, որ կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծննդյան տոնին Հայաստանի մեր անկյունում ևս մարդիկ ուրախ ու երջանիկ զգան իրենց:  Եվ նրա կազմակերպած միջոցառումը իսկապես ներկաներին բազմաթիվ ուրախ պահեր պարգևեց:  
Շուտով Ծննդյան տոնն է, ընտանիքը պատրաստվում է, երեխաներն ուրախ զարդարում են տոնածառը: Թոռնիկներից մեկը հարցնում է. "Տատիկ, իսկ ճիշտ է, որ Սուրբ Ծննդյան տոնին հրաշքներ են տեղի ունենում": Եվ տատիկը պատմում է հեքիաթը... Բեմի վրա տարվա տասներկու ամիսներն են, որոնց հրաշքով հանդիպում է մի որբ աղջնակ, ում խորթ մայրը անտառ ցախի էր ուղարկել: Իսկ պալատում փոքրիկ արքայադուստրը ձնծաղիկ է պահանջում. "Մինչև ձնծաղիկներս չբերեն, ոչ մի նոր տարի չի գա"...
Երևի կռահեցիք, երեխաները ներկայացնում էին "Տարվա 12 ամիսները" հեքիաթը: Մեկը մյուսին են հաջորդում դրվագները, և հանդիսատեսի աչքի առջև կատարվում է Սուրբ Ծննդյան հրաշքը. բոլորը բարի են դառնում, աղջիկը բազմաթիվ նվերներ է ստանում...
Բեմականացմանը հաջորդեցին հանրահայտ երգերի գեղեցիկ կատարումներ, որոնք ևս ուղեկցվում էին թատերական ներկայացումներով: Իսկ միջոցառման վերջում ուսուցչուհու գեղեցիկ երգը անակնկալ էր նույնիսկ մասնակից աշակերտների համար:




Monday, December 16, 2013

Հայաստանը երգերի մեջ

Վերջերս դպրոցի VII ա դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ "Հայաստանը երգերի մեջ" խորագրով:
 Միջոցառման կազմակերպիչ, հ. լեզվի և գրականության ուսուցչուհի, նույն դասարանի դասղեկ Լ. Բադալյանը փորձեց ևս մի էքսկուրս կատարել հինավուրց Հայաստանի տարածքով, հասավ խորհրդային ժամանակաշրջան, ապա` ազատ, անկախ Հայաստան: Դահլիճը լեփ-լեցուն էր: Հուզումը պատել էր և' երեխաներին, և' դասղեկին. չէ± որ մեծ պատասխանատվություն կար նրանց ուսերին: 
Ի վերջո միջոցառումն սկսվեց: Բոլորը ոտքի կանգնեցին. հնչում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը: Գեղեցիկ խոսք, ասմունք, երգ, պար: Եվ այդ ամենն այնպիսի փոխկապակցվածությամբ, այնքան անկաշկանդ: Թվում էր` փոքրիկ դերասաններ էին բեմահարթակին: 60 րոպեանոց միջոցառումն ակնթարթ թվաց: Իսկ փոքրիկների` Vա դասարանցիների վարակիչ պարը էլ ավելի գեղեցկացրեց միջոցառումը: 

Միջոցառումը շատ բան տվեց և' մասնակիցներին, և' ունկնդիրներին,  ովքեր այնքան անհամբեր սպասում էին այդ օրվան:



Saturday, December 14, 2013

Հրաժեշտ աշնանը

Աշնանային այդ օրը երկրորդ բ դասարանում անսովոր եռուզեռ էր:
Աշակերտները հագած էին աշնանային գույներով հագուստներ, կրում էին գեղեցիկ դիմակներ, և այդ ամենը հարուցել էր բոլորի հետաքրքրությունը: Երիտասարդ դասվար Լիլիթ Հովակիմյանը այսպես էր կազմակերպել "Մայրենի"  առարկայի "Ոսկի աշուն"  թեմայի ամփոփիչ դասը: Դասն անցավ խմբային աշխատանքի ձևով: Երեխաները բաժանվեցին երեք խմբի, ուսուցչուհին յուրաքանչյուր խմբի տվեց իր հանձնարարությունը և սկսվեց ժրաջան աշխատանքը:  Հանձնարարությունները երեխաները կատարեցին առանց դժվարության, սահուն ու հեշտ, այնպես, ինչպես սովորել էին բոլոր նախորդ դասերի ընթացքում: Ուսուցչուհին գոհ է իր սաներից, գոհ են նաև դասին ներկա ուսուցիչները և ծնողները: Այս գեղեցիկ դասից բոլորը հեռացան` նոր, գեղեցիկ նախաձեռնությունների սպասումով:

Թվերի աշխարհում


Մաթեմատիկայի մասնախմբի հերթական նախաձեռնությունը

կոչվում է  "Թվերի աշխարհում":  Փորձառու ուսուցչուհի Վերա Պետրոսյանի սաները հետաքրքիր համեմատությունների միջոցով ներկայացրին հսկա և թզուկ թվերը, փոքրիկ բեմականացմամբ ցույց տվեցին 0-ի և 1-ի "դրական" և "բացասական" կողմերը: Եվ, եթե սկզբում 1-ը 0-ին արհամարում է և անվանում դատարկություն, ապա վերջում, 0-ին դնելով 1-ի կողքին, ստացվում են այն հսկա թվերը, որոնց մասին խոսվեց միջոցառման ընթացքում: Վերջում ներկայացան բնական, ամբողջ, ռացիոնալ, իռացիոնալ թվերի բազմությունները, որոնք խոսեցին թվերի աշխարհի միասնության մասին:

Բեմում կանգնած երեխաները կրում էին ժապավեններ, որոնց վրա գրված էին հսկա թվերի անունները` միլիոն, միլիարդ, տրիլիոն, քսանտիլիոն, քվադրիլիոն և այլն: Միջոցառման ողջ ընթացքում մեծ էկրանի վրա ցուցադրվում էին համապատասխան կադրեր, որոնք ավելի ընկալելի ու մատչելի  էին դարձնում երեխաների խոսքը: 

Thursday, December 12, 2013

Մեր փոքրիկ բարեգործությունը

Յուրաքանչյուր տարի մեր դպրոցի աշակերտներն իրենց մասնակցությունն են ունենում Հայաստան Համահայկական Հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնին: Այս տարի ևս, աշակերտական խորհրդի որոշմամբ, երեխաները իրենց մեկ օրվա ընդմիջման գումարը նվիրաբերեցին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Նրանք սիրով և պատասխանատվությամբ էին անում այդ գործը: Ասում էին , որ եթե երբևէ մի օր անցնեն այդ ճանապարհով, կմտածեն, որ իրենք ել մի փոքրիկ մաս ունեն դրա կառուցման գործում:  Արդյունքում հանգանակվեց 50 000 (հիսուն հազար) դրամ գումար:   Հաջողություն Հայաստան Համահայկական Հիմնադրամին իր բարի գործերում:

Thursday, November 28, 2013

Հովհաննես Թումանյան



Երիտասարդ դասվար Մարգարիտա Մկրտումյանը արդեն մեկ անգամ չէ, որ իր դասվարական դասարանի հետ դառնում է հետաքրքիր և բովանդակալից միջոցառման հեղինակ: Այս անգամ IVԲ դասարանի միջոցառումը նվիրված էր ''Մեծ լոռեցուն''` Հովհաննես Թումանյանին: Փոքրիկները ներկայացրին ամենայն հայոց բանաստեղծի կյանքը և ստեղծագործությունը այնպես, ինչպես վայել է հասուն աշակերտին: Նրանց լրջությունը կարծես թե փոխանցվել էր դահլիճին, և հանդիսատեսները, որ նույնպես դպրոցի տարրական դասարանների աշակերտներն էին, կլանված լսում էին բեմից հնչող յուրաքանչյուր խոսք: Միջոցառման ընթացքում հնչեցին Հովհաննես Թումանյանի խոսքերով գրված երգեր, հատվածներ ''Անուշ'' օպերայից:  
Միջոցառման մասնակիցները դահլիճից հեռացան` իրենց հետ տանելով Մեծ Թումանյանի խոսքը և հաճելի տպավորություններ:  Իսկ IVԲ դասարանցիները խոստացան իրենց գեղեցիկ ելույթներով հետագայում ևս մասնակիցը դառնալ նորանոր միջոցառումների:

Tuesday, November 5, 2013

Նվիրում


2013թ. հոկտեմբերին լրանում է մաթեմատիկայի երախտավորներից
մեկի` հանրապետության վաստակավոր ուսուցիչ Սրապիոն Տիգրանի Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը: Այդ առթիվ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին ուսուցիչները, աշակերտները, Ս. Խաչատրյանի ընտանիքի անդամները:  Միջոցառման ընթացքում 5ա դասարանի աշակերտները ներկայացրին ճանաչված ուսուցչի կյանքի ուղին,  աշխատանքային գործունեությունը: Այդ գործունեությունը առավելապես կապված է Իջևանի հ.1 միջնակարգ դպրոցի հետ:
Դպրոցի ուսուցիչների  մի մասը աշխատել է Ս. Խաչատրյանի հետ, իսկ մի մասն էլ աշակերտել է նվիրյալ ուսուցչին: Եվ բոլորն էլ  նրա մասին խոսում ու պատմում են մեծագույն հարգանքով  և մեծարանքով:
Միջոցառմանը մասնակցում էին Ս. Խաչատրյանի ընտանիքի անդամները: Նրա թոռնուհին` Նանան,  նույնպես ասաց իր սրտի խոսքը սիրելի պապիկի մասին, շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը, իսկ վերջում մի գեղեցիկ երաժշտական կատարում  նվիրեց միջոցառման մասնակիցներին: Նա նաև, որպես հուշ, մասնակից երեխաներին նվիրեց իր մայրիկի` Մեդորա Խաչատրյանի գիրքը:

Thursday, October 24, 2013

Ուսուցչի օր

Ուսուցչի օրը շնորհավորելու յուրովի  ձև էր ընտրել օտար լեզվի մասնախումբը: Դպրոցի շնորհալի աշակերտների ուժերով կազմակերպվել էր փոքրիկ ցերեկույթ, որը տեղի ունեցավ դպրոցի ուսուցչանոցում: Ֆրանսերենով և անգլերենով շնորհավորելով ուսուցիչներին` աշակերտները իրենց մաղթանքները հղեցին նրանց: Հնչեցին ֆրանսիական հայտնի երգերի գեղեցիկ կատարումներ, որոնք ընդունվեցին ծափերով և գովասանքի խոսքերով: Միջոցառման կազմակերպիչներն էին Հ. Մկրտումյանը, Մ. Գուլակյանը, Ս. Հովհաննիսյանը և Հ. Ցուցուլյանը: Բոլոր ներկաները հաճելիորեն զարմացած էին այս գեղեցիկ անակնկալից:

Wednesday, October 23, 2013

Բերքի տոն 2013

                                  

Ամեն տարի, աշնանային այս օրերին, Հայաստան աշխարհի յուրաքանչյուր անկյունում յուրովի է նշվում "Բերքի տոնը":  Տոն, որ գովերգում է հայոց հողը, հայ աշխատավորի տքնաջան աշխատանքը և դրա արդյունքում ստացված հուռթի բերքը: Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում ավանդույթ դարձած միջոցառումների թվին է պատկանում այս միջոցառումը , որին անհամբեր սպասում են բոլորը` աշակերտ, ուսուցիչ, թե ծնող:Այս տարի ևս այն անցավ գեղեցիկ և ճաշակով զարդարված տոնական սեղաններով, երգ ու պարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ: Յուրաքանչյուր դասարան ձևավորել էր տոնական սեղան, որտեղ ներկայացված էին բացառապես Իջևանի տարածաշրջանը ներկայացնող մրգեր, կերակրատեսակներ:  Բազմատեսակ մրգերը, մեղրը,  քամած մածունը, կաթի սերը դեպի իրենց էին ձգում սեղանների մոտով անցնող յուրաքանչյուրին, իսկ աշակերտները սիրով բոլորին հրավիրում էին իրենց սեղանի մոտ: Միջոցառմանը ավելի մեծ հետաքրքրություն հաղորդեցին դասարանների պատրաստած գեղեցիկ պարային և երաժշտական համարները:

                                                                              
      

Sunday, September 29, 2013

Միջոցառում թանգարանում

Սեպտեմբերի 24-ին հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ Իջևանի "Նարեկ" տիկնիկային թատրոնը: Դպրոցի 5-6-րդ դասարանցիների համար այն կազմակերպել էր տիկնիկային թատրոն, որը նվիրված էր թանգարաններին: Վայրը նույնպես ճիշտ էր ընտրված` Իջևանի պատմության թանգարան: Դերասան-տիկնիկները խոսեցին երեխաների հետ, ներկայացրին, թե ինչպիսի թանգարաններ են լինում: Երեխաները հետաքրքրությամբ լսեցին, իսկ վերջում  պատասխանեցին հարցերի: 
 Միջոցառման ավարտին ևս մեկ անակնկալ էր պատրաստվել. երեխաներին հյուր էր եկել մուլտֆիլմի սիրելի հերոսներից մեկը, ում հետ երեխաները պարեցին և ուրախացան:


Saturday, September 28, 2013

Դասը վարում են վետերանները

Սեպտեմբերի 20-ին դպրոցում եռուզեռ էր. առջևում ՀՀ Անկախության 22-րդ տարելիցն էր և այդ առիթով դպրոցում հյուրընկալվում էին պատերազմի և աշխատանքի վետերանները: Նրանք այդ օրը  պետք է վարեին "Հայրենասիրության դասը":  Մինչ վետերանների գալը դպրոցի միջանցքում կազմակերպվել էր ցուցահանդես` "Հայաստանն իմ տունն է" խորագրով: Շնորհալի աշակերտները ներկայացրել էին իրենց աշխատանքները:  
Օրվա երկրորդ կեսին իններորդ դասարանցիներին հյուր էին պատերազմի և աշխատանքի վետերաններ Գոհար Մինասյանը, Սուրեն Օհանյանը, Վարյա Խաչատրյանը, Ժորա Գալստյանը, Թելման Մայիլյանը:  Նրանք երեխաներին պատմեցին իրենց կյանքի, աշխատանքային ուղու մասին, սովորեցրին, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը:  94- ամյա վետերան Գ. Մինասյանը, ով հիմնականում վարում էր դասը, ասում էր." Հայրենասիրությունը հո ճառ չէ, որ ամբիոնից գոռաս: Հայրենասիրությունը զգացմունք է, այնպես ինչպես սերը, և այն պետք է ծնվի մարդու մեջ": 
Հանդիպմանը ներկա աշակերտներն ու ուսուցիչները համակ ուշադրություն դարձած լսում էին վետերանների խոսքը, նրանց ասած յուրաքանչյուր  բառը, կարծես, դառնում էր ներկաների հետագա կյանքի ուղենիշը:  Իսկ դպրոցի երկարամյա, բազմավաստակ ուսուցչուհի Վարյա Գրիգորևնայի խոսքը նույնիսկ արցունքներ առաջացրեց ներկաների աչքերում:
Հանդիպման ավարտին խոսք ասացին նաև  տնօրեն Լուսյա  Խաչատրյանը, դպրոցի բազմափորձ զինղեկ Ռոբերտ Քամալյանը: Իջևանի վետերանների խորհուրդը, ի դեմս նախագահ Սուրեն Օհանյանի,  դպրոցի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով:






Thursday, September 5, 2013

Առաջին զանգ











Ամառն անցավ: Մեկնարկեց նոր ուսումնական տարին:
 Հնչեց դպրոցական առաջին զանգը` ոմանց համար առաջին, ոմանց համար` վերջին անգամ:  Ավանդույթի համաձայն, Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում ուսումնական տարվա մեկնարկը տրվեց տոնական միջոցառմամբ: Բոլորն ուրախ էին ու երջանիկ, հատկապես` այն ծնողները, ովքեր  դպրոց էին ուղեկցում իրենց առաջին զավակին: Առաջին դասարանցիները շփոթված էին, կրտսեր դասարանցիները` ուրախ, որ կրկին հանդիպել են համադասարանցիներին, իսկ բարձր դասարանցիները` ավելի լրջացած և հասունացած: Միջոցառման սկզբին բոլոր ներկաներին բարի գալուստ մաղթեց դպրոցի տնօրեն Լ. Խաչատրյանը; Նա հույս հայտնեց, որ այս տարի մեր աշակերտները կունենան բարձր առաջադիմություն և կարդարացնեն թե' ծնողների, թե' ուսուցիչների հույսերը: Միջոցառումը շարունակվեց առաջին անգամ դպրոց ոտք դնող առաջին դասարանցիների խոսք-երդմամբ: 
 Նրանց մանկական շուրթերից հնչող բանաստեղծությունները ներկաները ընդունեցին ոգևորությամբ և ծափողջյուններով:











Առաջին զանգն ազդարարեց նոր ուսումանկան տարվա մեկնարկը:

Thursday, July 18, 2013

Սայաթ-Նովա 300

Իններորդ բ դասարանի աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Ալվարդ Պետրոսյանի և Սվետլանա Նավասարդյանի ղեկավարությամբ դարձան մի գեղեցիկ միջոցառման հեղինակ, որը երկար կմնա բոլոր ներկաների հիշողության մեջ: 
Միջոցառումը նվիրված էր հայ մեծ սիրերգակի՝ Սայաթ-Նովայի
կյանքին և ստեղծագործությանը
Աշակերտները հանդիսատեսին ներկայացրին աշուղի կյանքի բոլոր դրվագները, հաջողությունները և անհաջողությունները, մեծ սերը, որն արդեն երեք հարյուր տարի հուզում է նրա արվեստի երկրպագուներին:  Կատարվեցին  Սայաթ-Նովայի բազմաթիվ երգեր, որոնց առավել մեծ հմայք տվեց քամանչայի նվագակցությունը: 
Դահլիճում իշխում էին սերը, երգը, հուզումն ու հիացմունքը, հիացմունքն այն մեծ արվեստի հանդեպ, որ բեմից մատուցում էին մեր երեխաները:  


Ռուսաց լեզվի մասնախումբը դպրոցում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների հեղինակ է: Բացառություն չէին նաև մայիսին կազմակերպված  երկու միջոցառումները, որոնք մեկը մյուսին չէր զիջում իր կազմակերպվածությամբ: Դրանցից առաջինը ռուսական երգի մրցույթն էր՝ երրորդից իններորդ դասարանցիների միջև: Մրցույթն անցկացվեց հետևյալ անվանակարգերով՝ ՛՛ Հայրենասիրական երգ՛՛, ՛՛Ազգային երգ՛՛, ՛՛Ռոմանս՛՛, ՛՛Ռուսական երգ՝ հայերեն՛՛ և ՛՛Էստրադային երգ՛՛: Իրենց կատարումներով ժյուրիին և հանդիսատեսին հիացրին և արժանացան մրցանակների Բենիամին Ղալումյանը (IV դասարան), Աննա Այդինյանը(VI դասարան), Լիլիթ Մարությանը(VIII դասարան), Մերի Պետրոսյանը(VIII դասարան), Դիանա Սարուխանյանը(VIII դասարան), Շուշանիկ Վանեսյանը(VI դասարան): 

Իսկ մրցույթից մի քանի օր անց մասնախումբը կազմակերպեց իր  արդեն ավանդական դարձած ռուսական թեյախմությունը, որին մասնակցեցին ուսուցիչները և մի խումբ աշակերտներ: Միջոցառումն անցավ նախօրոք մշակված ծրագրով, կազմակերպվեցին վիկտորինաներ,  աշակերտները հանդես եկան գեղեցիկ կատարումներով: