Monday, April 14, 2014

Մայրության և գեղեցկության օր



Այս տարվա ապրիլի 7-ը` մայրության և գեղեցկության տոնը, առանձնահատուկ ձևով նշվեց մեր դպրոցում: Թե' ուսուցիչները, թե' աշակերտները ինքնաբուխ կերպով ցանկացել էին գովերգել մորը: Մայրական սերը, որ ամենաջերմն է բոլոր սերերից, կազմակերպված բոլոր միջոցառումների առանցքն էր կազմում:

IVԲ դասարանը(դասվար` Մարգարիտա Մկրտումյան) կազմակերպել էր դաս-միջոցառում` "Պոեզիայի ժամ", որի ընթացքում երեխաները ասմունքեցին մորը նվիրված հայտնի և անհայտ ստեղծագործություններ: Էկրանին մայրական սիրո բերկրանքն արտացոլող կադրեր էին,որոնք գեղեցիկ կերպով լրացնում էին երեխաների խոսքը:  Միջոցառումն այնքան էր դուր եկել երեխաներին, որ նրանք, դասվարի հետ միասին, որոշեցին անակնկալ անել մայրիկներին. հաջորդ օրը  անսպասելի կերպով հրավիրեցին նրանց դպրոց և կրկնեցին իրենց ուսանելի "դասը":
II Ա  դասարանը (դասվար` Օվսաննա Հարությունյան) դպրոցի դահլիճում ուսուցիչների, ծնողների և տարրական դասարանների աշակերտների համար կազմակերպել էր փոքրիկ
                                  
միջոցառում, որը գեղեցիկ պահեր և դրական լիցքեր պարգևեց բոլոր ներկաներին: Այստեղ ևս չկարողացան չանդրադառնալ մեծ մայրապաշտի բանաստեղծություններին: Երեխաները երգեցին, պարեցին, իսկ միջոցառման ավարտին մեկական վարդ նվիրեցին իրենց մայրիկներին և միջոցառմանը ներկա բոլոր ուսուցիչներին:


Օրն ամփոփվեց VIIԲ դասարանի(դասղեկ` Սեդա Քարտաշյան) "Մայր իմ անուշ ու անգին" միջոցառմամբ: Միջոցառման ողջ
ընթացքում բեմում էր մոր կերպարը, ով անընդհատ աշխատում և հոգում է իր երեխաների կարիքները: Յոթերորդցիների խոսքը տպավորիչ էր, գեղեցիկ ու հուզիչ: Գեղեցիկ էին նաև երաժշտական համարները:  Մայրական սիրո ուժը ցույց տալով` երեխաները ներկայացրին մի փոքրիկ բեմականացում, որտեղ նույնիսկ արյունարբու թշնամին ընկրկում է մոր առաջ և նրան է հանձնում իր սիրասուն զավակին:

Օրն այնքա˜ն հաճելի էր ու մայրաբույր...

No comments:

Post a Comment